ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ՑԵՂԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Նաիրի և Էթիունի ցեղային միությունները: Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասը` Վանա լճի և Եփրատի հովտի միջև, զբաղեցնում էր Նաիրի ցեղային միությունը, որը բաղկացած էր բազմաթիվ ցեղերից: Նրանց գլուխ էին կանգնած ցեղապետ-արքայիկները: Ասորեստանի արքաներն իրենց կողոպտիչ արշավանքների ժամանակ բախվում էին Նաիրի միության 30, 40, անգամ 60 և ավելի ցեղերի միացյալ ուժերի հետ: Շատ դեպքերում սրանց հաջողվում էր հակահարված տալ թշնամուն: Նաիրի միության կազմում գերակշռողը հայալեզու ցեղերն էին:
Արարատյան դաշտում և նրանից հյուսիս տարածվում էր Էթիունի ցեղային միությունը: Արևմուտքում այն սահմանակից էր Նաիրիին, արևելքում ընդգրկում էր Սևանա լճի ավազանը: Սևանա լճի շրջակայքը կոչվում էր Ջրային Էթիունի: Միության մեջ էին մտնում քսանից ավելի ցեղեր: Էթիունիի բնակչության կյանքի մասին են պատմում, ինչպես ասվեց, Սևանի ափին` Լճաշենում, պեղված դամբարանների հարուստ նյութերը` զենք ու զրահ, կենցաղի առարկաներ, արձանիկներ, զարդեր և այլն:
Էթիունիի կենտրոնական մասն էր կազմում Ազգ երկիրը, որի տարածքի վրա այժմ գտնվում է Երևանը:
Այլ ցեղային միություններ: Հայկական լեռնաշխարհի որոշ շրջաններում առանձին կուտակումներով կամ հայկական ցեղերի հետ խառը բնակվում էին նաև ոչ հնդեվրոպական ցեղեր: Դրանք դարերի ընթացքում ներառնվեցին հայ ժողովրդի կազմավորման ոլորտի մեջ և հայացան: Դրանցից էր Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմուտքում գտնվող Դայա ցեղային միությունը: Նրա անունը փոխանցվել է հայկական Տայք նահանգին: Վանա լճից դեպի հարավ ձգվող տարածքը զբաղեցնում էր ութ ցեղերից բաղկացած ՈՒրուատրի ցեղային միությունը: Հայկական լեռնաշխարհում ապրում էին և ուրիշ ցեղեր ու ցեղախմբեր:
Այսպիսով, սկսվելով հայկական լեռնաշխարհի արևմտյան, առավել զարգացած ու առաջավոր մասից, հայ ժողովրդի կազմավորման գործընթացը ծավալվում էր դեպի արևելք: Այն մեկը մյուսի ետևից ընդգրկում Հայկական լեռնաշխարհը ենթարկվում էր նրա հարավային հարևան` գիշատիչ Ասորեստանի կողոպտիչ արշավանքներին, որոնք, սակայն, ոչ թե թուլացնում էին երկիրը, այլ նպաստում նրա միավորմանը`թշնամուն հաջողությամբ դիմադրելու նպատակով:
|