ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ
ճամփորդական նոթագրումներ
Օր I
Ուստեն փող էր տվել, որ իրեն տանեն
Տատի պատմած Էրգիրը,
Բայց նրան տարան ցույց տալու Թուրքիան
Իր տուրիստական նշանակության ավերակներով
Եվ չնայած ամեն 3 կիլոմետրի վրա
Անալգին-դիմեդրոլային լուծույթով լցված սպռիչի պես
Երկնքի քամակը կոխած մինարեթներին,
Քրտնած, ջերմության ու դողէրոցքի մեջ վառվող Երկինքը
Վերմակի տակից աչքով էր անում ուստին.
- Այ տղա Արամ, ինչ նման էս Նարոտ տատիդ:
Օր II
Հայրենիքը զոհաբերություն է
Հանուն հպարտությունից կտրվող շնչառության
Եվ 2-րդ կարգի արիության մեդալ ձախ ոտքի դիմաց:
Հայրենիքի չարն ու բարին հերոսական են:
Պարտված հայրենիքը ...
Խրամատների միջև ենթադրվող տիեզերական չոլ,
Ուր ժամանակի հետ քարաքոսերն ուտում են
Գլխատված Վահագնի գլուխը:
Օր III
Մենք շարունակում ենք Հավատալ մեր հերոսական պատերազմին,
Իսկ այդ ընթացքում
Պզուկոտ տարիքի մի սիրահարված թուրք
Մհերի դռան վրա գրում է Ahmed+Gulnazar
Եվ դաժանորեն անմեղ ժպտում աշխարհին
Օր IV
Արագիլները հայրենիք չունեն:
Օր V
Հոգեթելերը նվվում են
Տատից մնացած երգից մնացած
երեք տողերը,
բայց մոռացված մասի մասին ենթադրություններն
ավելի հուզիչ են:
Օր VI
12:30
Ուստեն քաղցր է տալիս ուղեկցող քուրդ պատանուն
Շոյում է գլուխը ...ձեռքն ակամա իջնում է ականջին ...
Մեկին խմած խոստացել էր դրանցից ...
Ծալովի դանակի շրթունքն անընդհատ
Քոր էր գալիս արյունոտվելու ցանկությունից,
Բայց այդպես էլ մնաց դեղձ-մեղձ կտրելով
Ինքնաբավարարվելու հույսին
16:50
Քյարիմի երկնագույն աչքերի մեջ շարունակվող
Նանոր տատի անաստված մնացած երկինքը ...
փշաքաղվեց:
Տնագոմի առաջին քարաշարքի խաչքարը չծախեց.
Թիթիզության գեները մատնեցին.
Նրան տաքացնում է այն միտքը, որ քարը 30 ոչխար արժե
(Ֆաթիման արժեր 21.5 ...)
19:15
Թուրք սպասավորը ներս մտավ
Մատուցարանի մեջ մեր գառան տաք մատաղը
Որին մորթել էր քուրդ մսագործը
Որովհետև մենք վախեցանք արյունոտվելուց
Համ էլ ... ուստեն ասաց` Աստծու համար մեկ չի? ով է մոռթում
Իսկ հետո .. ծամծմելով կուլ չգնացող միսը
Մտածեց մսագործի մասին ...
Դե լավ, համոզեցիր, իմ փայ դրախտը քեզ:
20:08
Առաջին զանգը Երևան:
Օր VII
---------
Չընկնես, էլի … էս անգամ
Փուլ չգաս … երկինք:
Երերուն ոտիկներով, բարալիկ մատիկների վրա,
Դեկտեմբերի կիսամերկ ծառերն առաջինն են ընդունում
Անկումի հարվածը` մի կերպ գլխավերեվում պահելով
Երկնային ավերակների Անդառնալին:
- Դեռևս մի մարդաբոյ կա … մխիթարվիր:
(Կարող է լինել կանխամտածված կամ պատահական):
Ամեն ինչ տան համար. կողպեքների բաժնում
Վաճառվում է սեփականության իրավունք,
Անվտանգություն, ապահովություն, վստահություն,
Երկար տարիների երաշխիք:
Զենք և զինամթերք չի վաճառվում:
- Կարմիրի դոզան չի ուշանա … մխիթարվիր:
(Պատվո սպանություն` ընտանիքը պատվազրկելու մեղադրանքով
ընտանիքի իգական սեռի անդամի սպանություն:
Որպես պատվազրկում սովորաբար ենթադրվում է
ամուսնական անհավատարմութունը)
Ատամհատիկիդ օրը դու ձեռքդ երկարեցիր ինձ,
Իսկ ես կյանքումս առաջին անգամ
Համարձակվեցի ճակատագրական լինել:
Թեկուզ թղթե` այնուամենայնիվ զինվոր,
Քեզ համար կռվելու ադրենալինից շիկնելու ընդունակ,
Շոշափելի, տեսանելի, խրթխրթան ու ջերմամեկուսիչ գոյաձև,
Որպիսիք անուշահոտ յուղերով, մեղր ու պոպոքով օծվելուց հետո
Ինչ լավ են վառվում լիալուսնի ֆոնին:
- Սիրել նշանակում է ուտել կամ կերված լինել … մխիթարվիր:
(Որոշակի կրոնական արարողակարգով զոհին կյանքից զրկելը
կոչվում է Ծիսական սպանույթուն)
Մինչեւ կոկորդը շինանյութի բիզնեսում խրված անտուններ,
Որ արթնանում են աջ ոտքի վրա,
Չեն հավատում վատ երազներին,
Չշնանալու հաշվին փող են տնտեսում,
Հաճույքով ուտում են հանապազորյա լոբով ճաշը,
Սիրային ոտանավորներ են անգիր անում,
Հավատում են կարմիր վարդերի մոգությանը,
Փորձում են թողնել ծխելը,
Քվեարկում են իշխանության թեկնածուին,
2-րդը խմում են ընկերության կենացը,
Վախենում են դավաճանություն բառից,
Աղոթում են,
Եվ չեն սպանում ... ինչ ել լինի չեն սպանում:
Ամեն ինչ անցողիկ է ... մխիթարվիր:
(Կազմակերպված կոչվող սերիական մարդասպաններն
ունեն զոհի հետապնդման եվ սպանության
գործողությունների հստակ պլան)
Փլվեց:
Տարօրինակ տաք է:
Միամիտ մի տարեկան ճնճղուկները ցնծությամբ
Օդում որսում են առաջին ձյան փարթամ փաթիլները:
Այսքան շատ կուտ, որ ոչ մի կերպ չի կշտացնում ... ?
Վերևները բնակեցված են կատակասերներով ... դիմացիր:
ԱԳՌԱՎԱՔԱՐ
(ազգային հոգեվերլուծության սիանս)
Ընտանիք - աթարին կպած սեր, մեղրալուսին, հիպերտոնիա, անընդհատ շարունակելի վերջ:
Քար - պտղաբերության աստվածուհու վատ պահպանված մարմինը, թարմ թխած հացի հոտ, հացը քիչ է, մեջը արուն կա:
Արծիվ – ժառանգական ճաղատություն, մարգարեական հեռատեսություն, կրծքավանդակի և
ոտքերին առատ մազածածկույթը պատմականորեն ձևովորված իմունիտետ է
քարանձավային մութուցրտի հանդեպ, խաբված լինելու անհաղթահարելի
զգացողություն, անհուն հոգեմարմնական կապվածություն կարճատեսի ակնոցների
հետ:
Գեն – հյուրասենյակից խոհանոց, խոհանոցից նկուղ
տեղափոխված մեռած մարդկանց նկարներ, լոբով ճաշ, մոնղոլ-թաթարական
արշավանքներ, կապույտ աչքերի և խարտյաշ մազեչի ցեղական սպասում:
Տուն - վերադառնալու, թաքնվելու, մեռնելու ամենահարմար, ամենաանվտանգ, ամենատաք տեղը, հատկապես պատերազմից առաջ և պատերազմի ընթացքում:
Լեռ – ծովի բացակայություն:
Կարոտ - խոր աշնանային աչքեր, դուդուկի ձայն, ծիրանի չիր, կոտրված կարասի բռնակ:
Պատուհան – հարևանի մանկապատանեկան լվածք, Ծիծեռնակաբերդ, 3-րդ պլան` Արարատ:
Արքա – Տիգրան Մեծի մետաղադրամ, քանդակներ նարդու վրա, 20 տարվա կոնյակի անվանում:
Հերոս - Վաղինակ Ճպուռյանի օրգանիզմ + Սասունցի Դավթի երևակայույթուն:
Սեր – ուտեմ քեզ, թաղեմ քեզ, չունենամ քեզ:
Ճակատագիր – Դուբլ N 4999, Տեսարան` Ծննդոց, Էպիզոդ` Բուռ ու կես ջուրը, 3-4` գնաց,
թուու... ամբողջական բուռը թափվում է հրմշտոցի մեջ, կես բուռը հասնում է
ինչ-որ մեկին, որ կորչում է ամբոխի մեջ ... մենք մեղք չունենք ...
ջրհեղեղից էս կողմ անձրև չի եկել:
Ավանդույթ - սեփական յուղով տապակվելը 5-րդ անգամից հետո դառնում է անառողջ ապրելակերպի և ծերության նշան:
ԱՆԱՊԱՏ
(Ամենավերջում սատկեց Խուճուճ ուղտը:
Ես կկարոտեմ քեզ Խուուուճ … դավաճան Խուճ,
Երկու ամիս էլ ձգեիր` կտեսնեիր տիրոջդ փառքը:
Հեյ, բայց դու ինչ գեշ աղջիկ կլինեիր` քեզ չէին սիրի ... վեր կաց:
Ինձ մենակ թողեցիր անապատի հետ, Խուճ …):
“Քո ընտրությունը դեռևս քո ազատությունը չի,
որովհետև քո ընտրությունը հեռուն է,
ուր աշխարհի բոլոր ծեր ու ջահել ճանապարհները
մի օր դանդաղ սկսվում են լղոզվել իրար,
ոտքերիդ տակ և հեռվում ենթադրվող
ինչ որ ահավորության ավազե փեշերի միջև
անաղմուկ ճխլվում է ութաձև հետագծերով քեզ հետևող անցյալը.
սկսվում է:
Առաջին օրերին անապատը քեզ համար կհագնի այն գույնը,
որից դու վախենում ես ամենից շատ
ու վախենում էս, որովհետև ինքդ էլ կարմիր էս ներսից:
Դու, որ կյանքի և մահվան էարար կպչունությունը հերքեցիր,
որպեսզի զրոյից առաջ գոյություն ունեցած բաներ հիշես,
հիմա նեղություն քաշի, մի քանի վայրկյան փակիր աչքերդ,
որովհետև քամին քշելու է այն ինչ տակը մնաց.
աղմուկ, բառեր, պայմանականություն ...
Ճաքե մազանոթներով ներծծվելով նաև ստվերիդ մեջ,
անհունորեն զգույշ խմելով այն:
Անստվեր մնացած եսդ ամլորեն կկորցնի վերջապես
մենակության զգացողությունը:
Դու և քո աստվածն էլ չեք ամաչի իրարից`
միմյանց գոյության համար:
Իսկ հետո, երբ թոքերիդ նստի
կարմիր ավազի հավերժությունը,
անուղի, անստվեր, անաստված, անէ ...
անապատն էլ չի ավարտվելու,
որովհետև դու կմնաս նրա շարունակությունն
իրենից և քեզնից հետո,
մինչև որ մեկը հետաքրքրասիրությունից գլխիվայր չշրջի
քո մարսած ճշմարտությունների ավերակները:
(Քո ընտրությունը դեռ քո ազատությունը չի.
Ինչ էլ լինի` աչքերդ խնայիր, մարդ էս էլի):”
Մեհենագիր արձանագրություն: Անտաշատի մերձակայք / նախկին անապատ |