Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւն ընդունվեց
Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւն ընդունվեց
05.03.2010 00:54
Երեւան (Երկիր) - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 1 ձայնի առավելությամբ` 23 «կողմ» եւ 22 «դեմ», ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը:
Նիստի բացման խոսքում հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը, մասնավորապես, ասաց. «Փորձագետների ճնշող մեծամասնությունը, գիտնականները, տարիներ շարունակ այս հարցն ուսումնասիրողները համակարծիք են, որ հայերի ողբերգական ջարդերը հավասարազոր են ցեղասպանության: Նոբելյան մրցանակի դափնեկիր, թուրք գրող Օրհան Փամուկը հալածվեց Թուրքիայում` Հայոց ցեղասպանության թեման արծարծելու համար:
Երկու տարի առաջ կոնգրեսականներին ուղղված նամակում Ցեղասպանությունն ուսումնասիրող միջազգային ընկերակցությունը նշեց հետեւյալը. «Հայոց ցեղասպանության վերաբերյալ պատմական գրառումներն ու արխիվային փաստաթղթերը անհերքելի են եւ հաստատվում են բազմաթիվ ու ծանրակշիռ ապացույցներով: Դրանք պահվում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի պետական արխիվներում եւ, որ ամենակարեւորն է, Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի դաշնակիցներ Գերմանիայի, Ավստրիայի, Հունգարիայի արխիվներում»:
Բերմանը կարծիք հայտնեց, որ Հայոց ցեղասպանությունը չճանաչելու հետեւանքով այլ վայրերում այսօր էլ ցեղասպանություններ են կատարվում:
«Երկու տասնյակից ավելի պետություններ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, նաեւ Եվրոպական խորհրդարանն է այն ճանաչել։ Եվ ԱՄՆ-ը, որպես աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության մունետիկ, բարոյական պարտավորություն ունի նույնն անելու: Թուրքերն ասում են, որ դա կարող է ահավոր հետեւանքներ ունենալ երկկողմ հարաբերությունների համար, եւ երեւի որոշ հետեւանքներ կլինեն, բայց ես կարծում եմ, որ պարտադիր ուժ չունեցող բանաձեւի ընդունումը չի կարող խաթարել թուրք-ամերիկյան հարաբերությունները: Ցանկացած պետություն պետք է կարողանա հաշտվել իր պատմության հետ: Սա բարդ գործընթաց կլինի Թուրքիայի համար, բայց դրանով Թուրքիայում կամրապնդվի ժողովրդավարությունը, եւ թուրք-ամերիկյան հարաբերություններն ավելի կբարելավվեն: Գործընկերներիս կոչ եմ անում քվեարկել բանաձեւի օգտին»,- ասաց հանձնաժողովի նախագահը:
«ԱՄՆ-ը չպետք է դառնա իր բարեկամ Թուրքիայի հանցակիցը»,- հայտարարեց կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթը։ Նա նշեց, որ ընթերցել է անցած դարասկզբին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի գիրքը Հայոց ցեղասպանության մասին ու շատ է վշտացել։ Կոնգրեսականը կոչ արեց «կողմ» քվեարկել բանաձեւին` նկատելով, որ «Կոնգրեսն իր դժգոհությունը կհայտներ, եթե Գերմանիան փորձեր հերքել Հոլոքոստը»:
Իսկ կոնգրեսական Հարի Աքերմանը հավաքվածներին հայտնեց, որ դահլիճում Ցեղասպանությունից փրկված երեք հայ կին են նստած` 97, 98 եւ 105 տարեկան: «Այս մարդիկ այլեւս չեն կարող սպասել, թե ԱՄՆ-ը երբ կճանաչի ցեղասպանությունը»,- նշեց կոնգրեսականն ու հավելեց. «Իհարկե, հիանալի կլինի` լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, բայց պատմությունը պիտի ճանաչվի։ Խնդիրը պետք է լուծվի, եւ այսօր այդ օրն է»։
Կոնգրեսական Դոնալդ Փեյնի կարծիքով` ժամանակն է, որ ԱՄՆ-ը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ արդեն ճանաչել է Հոլոքոստը եւ Դարֆուրի ցեղասպանությունը:
«Օսմանյան կայսրությունում անզեն հայերին տեղահանել ու բնաջնջել են, որը հանցագործություն է ոչ թե հայերի, այլ ամբողջ մարդկության դեմ»,- հայտարարեց կոնգրեսական Դանա Ռորաբախերը` հավելելով, որ ինքը չի կարող դեմ քվեարկել ճշմարտությանը:
Կոնգրեսական Ջեֆ Ֆորթենբերին թեեւ ընդգծեց, որ ընդունում է Ցեղասպանության եղելությունը, սակայն հավելեց, որ հիմա բանաձեւն ընդունելու ժամանակը չէ: Բացի դրանից` «ստեղծվելու է պատմաբանների հանձնաժողով, որը քննարկելու է այս խնդիրները: Ինչո՞ւ ենք միջամտում երկու երկրների հարաբերություններին: Թող այս հարցը հետաձգվի, մինչեւ Հայաստանն ու Թուրքիան հաշտության գան»:
«Այս բանաձեւի ընդունումը կվնասի նաեւ մեր զորքերի ներկայությանը Իրաքում եւ Աֆղանստանում: Ես ի՞նչ պատասխան պիտի տամ իմ ընտրողներին` ասելով, որ ձեր որդիները խնդիրներ ունեն, քանի որ ես կողմ եմ քվեարկել Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւին: Կրկնում եմ` Ցեղասպանություն եղել է, բայց բանաձեւի ընդունման ժամանակը ճիշտ չի ընտրված»,- ասաց Ջեֆ Ֆորթենբերին:
Նրա ելույթին արձագանքեց հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը` հեգնանքով նշելով, որ ինքը 27 տարի Կոնգրեսում է, բայց չի հիշում, որ նման բանաձեւի ընդունման համար հարմար պահ է եղել:
Բանաձեւին դեմ արտահայտվող կոնգրեսականները հիմնականում պատճառաբանում էին, թե բանաձեւի ընդունումը կարող է խոչընդոտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, նաեւ, որ Թուրքիան ԱՄՆ-ի հավատարիմ ՆԱՏՕ-ական դաշնակիցն է, եւ չարժե բարդացնել նրա հետ հարաբերությունները:
Նշենք, որ քննարկմանը ներկա էին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըկ Թանը եւ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանը:
5 Մարտ, 2010 |