Վերջին ժամանակներում Վրաստանը մեծ ակտիվություն է ցուցաբերում
Վերջին ժամանակներում Վրաստանը մեծ ակտիվություն է ցուցաբերում պատմական Հայաստանի տարածքում գտնվող, իբրև թե վրացական եկեղեցիների և վանքերի վերադարձման հարցում: Վրացիների վերջին թիրախներից մեկն է դարձել Մեծ Հայքի Տայոց աշխարհը (ժամանակակից Թուրքիայի Արտվին նահանգը): Ըստ վրացական լրատվամիջոցների` օրեր առաջ Տայք նահանգ են այցելել մի խումբ «վրացի ուխտագնաց արվեստի գործիչներ» և տեղում ծանոթացել հայկական հուշարձանների հետ:
Նշենք, որ արդեն երկար ժամանակ վերոհիշյալ հայկական հուշարձանները վրացիները հայտարարում են «վրացական ճարտարապետության մարգարիտներ» և ցանկանում են ամեն գնով սեփականացնել:
Այսօր կայացած մամուլի ասուլիսում այդ հարցի շուրջ մեկնաբանությամբ հանդես եկավ պատմաբան, հայկական ճարտարապետության մասնագետ Սամվել Կարապետյանը:
«Վրաստանի հավակնությունները հայկական հուշարձանների նկատմամբ դրսևորվել են դեռևս Խորհրդային Միության սկզբնավորման տարիներին, այլ ոչ թե 40-50-ական թվականներին: Սա նորություն չէ»,- նշեց նա:
Ըստ Կարապետյանի՝ վրացիներն իրենց հավակնությունները հայկական հուշարձանների նկատմամբ պայմանավորում են վրացերեն գրություններով: Սակայն, ըստ փորձագետի, դա հիմք չէ: Այդ համատեքստում պատմաբանը նշեց, որ հայկական եկեղեցիների վրա արված գրություններն իսկապես վրացերեն են, սակայն դրանցում կան լուրջ սխալներ: Նման սխալներ վրացիները չէին կարող թույլ տալ:
Ըստ պատմաբանի` սա վկայում է այն մասին, որ այդ գրություններն արվել են քաղկեդոնականություն ընդունած հայերի կողմից: Քաղկեդոնական հայերը, ովքեր տարբերվել են իրենց գրության եղանակով, ոչ պատշաճ մակարդակով են տիրապետել պաշտոնական լեզվին, որն իրենց պարտադրվել է:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե հայ մասնագետների կողմից ի՞նչ չափով են ուսումնասիրվել այդ տարածքի հուշարձանները, պրն. Կարապետյանը նշեց ընդամենը մեկ ճարտարապետի՝ Տիգրան Մարությանին։ Ըստ Կարապետյանի` Տ. Մարուկյանը միակն է, ով ուսումնասիրել է այդ տարածքի հուշարձանները և հրապարակել է այդ նյութերը:
11 Սեպտեմբեր, 2009 |